Երեւան
«Սիրելիներ Զուարթ, Սարգիս եւ միւս քոյրեր ու եղբայրներ,
Մեծ ցաւ ապրեցի լսելով Հոգեւոր Տիրոջ մահուան լուրը: Գուցէ, կորուստն աւելի շեշտուեց այս օրերին, երբ նրա ներկայութիւնն ու դերն աւելի զգացուեց 100 ամեակի հետ կապուած միջոցառումների շնորհիւ եւ դուրս եկաւ կրօնական ծիրից, նրան դարձնելով 100 ամեայ Պատրիարք։
Գիտեմ, թէ որքան ծանր է կորուստը նրան անձամբ ճանաչողների համար, որոնց թւում եւ անձս է, որին Հոգեւոր Տէրը մի առիթով այնպէս գնահատեց ու «գնեց», որ մինչեւ օրս զգում եմ այդ ջերմութիւնը: Որքան էլ ժուժկալ գրեմ, այսուհանդերձ, անձս առաջ է ընկնելու, բայց յիշելու ու արտայայտուելու գայթակղութեանը չեմ կարող դիմակայել ու չգրել, որ տարիներ առաջ, երբ Երեւանում նա վատ զգաց եւ Պէյրութ մեկնել չկարողացաւ, Ձեր թելադրանքով ուզեց ծանօթանալ ինձ հետ եւ հարցրեց.
«Պարոն Կոզմոյեան, ի՞նչ դաւանանք ունիք», եւ լսելով իմ, գուցէ ամօթալի, բայց իրական պատասխանը, շարունակեց լսել եւ, երբ տեղեկացաւ, որ ես ողջ կեանքում վատ բան չեմ անում` վախենալով պատժուելուց (ում կողմից յայտնի չէ), Պատրիարքը դիմեց ներկաներին, ասելով. «Պարոն Կոզմոյեանն իսկական հաւատացեալ է, հաւատն իր ներսում է»:
Այդ գնահատանքից բացի չեմ կարող չյիշել մեր միւս հանդիպումը Պէյրութի Առաջնորդարանում, երբ Պատրիարքը տեղեկացել էր կաթողիկէ դպրոցներին իմ կողմից ցոյց տուած օգնութիւնների մասին, ինձ պարգեւատրեց յուշամեդալով, որը սրբութեամբ պահւում է իմ արխիւում:
Ցաւօք, իմ-ը, ինձ-ը, ես-ը շատ եղաւ, բայց այլ կերպ չէր կարող լինել, քանի որ Պատրիարքին հետ շփումներս ուղղակի էին, երես առ երես, որոնք եւ անջնջելի հետք թողեցին իմ կեանքում:
Վստահ եմ, որ նրա լուսաւոր հոգին ճախրում է մեզ անհասանելի անհունում եւ իրեն յատուկ մեղմութիւնը սփռում «մեղաւորներիս» վրայ:
02 յուլիսի, 2015թ.
Ռոմեն Կոզմոյեան»