Երկուշաբթի, 3 Օգոստոս 2009 - Մոսկուայի Հայ Կաթողիկէ Միութեան Ամառային Հեքիաթը

 

Մոսկուա

 

Մոսկուայի Մալայա Ֆիլյովսկայա փողոցի մի գողտրիկ անկյունում կանգնած է եռահարկ գեղեցիկ կառույց։ Ամենուր կանաչ է, զով ու հանդարտ։ Սովորական, բայց և հյուրընկալ մի կառույց է, որ ամառվա կարճ մի հատվածում գրավեց հայերիս սիրտը մեր մայր հայրենիքի խոհրդանիշով` հայկական եռագույնով, որ ծածանվում էր Ռուսաստանի դրոշի հետ միասին: Քաղաքի աղմուկից ու եռուզեռից հեռու այս խաղաղ վայրում Մոսկվայի Հայ Կաթողիկե Միության ջանքերով սույն թվականի հուլիսի 20-27-ը կազմակերպվեց ամառային ճամբարային ծրագիր մի խումբ հայազգի պատանիների ու աղջիկների համար։ Մոսկովյան առաջին Ճամբարականները 5-15 տարեկան 31 երեխաներ էին Մոսկվայից, նրա հարակից շրջաններից և Վենյով քաղաքից:

Ճամբարն ուներ իր յուրահատուկ օրակարգը: Առավոտյան և երեկոյան աղոթքները և կէսօրին մատուցվող Սուրբ Պատարագը բոլորիս հագեցնում էին հոգևոր լիցքերով և օգնում ավելի մոտ գտնվել Յիսուս Քրիստոսին: Հրաշքի պես մի բան էր տեսնել, թե ինչպես մի քանի օրում թոթովախոս հայ մանուկներն ու պատանիները աղոթում էին հայերեն, երգում Սուրբ Ներսէս Շնորհալու «Առավոտ Լուսո»-ն, Սուրբ Պատարագը… Հեռավոր հայրենիքի կարոտն ու կանչը,

քաջարի ոգին էին զգում մանուկները, երբ ծածանվելով բարձրանում էին Ռուսաստանի Դաշնության և ապա Հայաստանի Հանրապետության դրոշները` ազգային օրհներգերի ներքո: Հպարտությամբ էին լցվում մատաղ հոգիները, քանի որ հայրենիքից հեռու էլ կարող էին ազատորեն կոչվել հայ և քրիստոնյա։ Ով առիթ է ունեցել երկար ժամանակ հաղորդակցվելու նվիրյալ հոգևոր անձանց և Քրիստոսի վարդապետությանը հավատարիմ անձանց գործերին, վստահաբար կարող է վկայել, որ հրաշքներ լինում են նաև երկրի վրա։ ՀոԿենՄեն ճամբարում հրաշքներ տեղի էին ունենում ամէն պահի և այդ հրաշքների վկայությունն էին դասերը՝ քրիստոնեականի, հայոց լեզվի, երգի։ Աղոթել, խոսել և երգել հայերեն՝ ապրելով հայրենի եզերքից հազարավոր կիլոմետրեր հեռու, օտար միջավարում, հարգել այդ երկիրը, բայց մնալ հայ և քրիստոնյա։ Մի՞թէ սա չէ հրաշքը։ Կազմակերպված հետաքրքիր և ուսուցողական խաղերի ժամերը յուրատեսակ ուրախություն էինպարգևում երեխաներին: Խաղում էին թե’ մեծերը, թե’ փոքրերը մրցակցում, հաղթում և պարտվում: Խաղերը ոչ միայն զվարճացնում էին երեխաներին, այլև օգնում ձևավորելու ընկերային և խմբային հարաբերություններ։ Ճամբարի հաջողությունը ամփոփվեց գեղեցիկ երեկույթ- միջոցառումով, որ ներկայացվեց ճամբարական երեխաների ծնողների և հարազատների ուշադրությանը: Հայությամբ լեցուն էր դահլիճը, հայերենով էր շնչում հայ մանուկը, հայերեն աղոթում, հայերեն երգում, հայկական պարում: ՀԱՅԵՐԵՆ ԷՐ ԽՈՍՈՒՄ ՀԱՅ ՄԱՆՈՒԿԸ…..

Երիցս օրհնյալ է այս ճամբարը իր սրբահոգի, մանկասեր ու հայրենասեր վարդապետներով՝ հանձինս Հայր Գևորգ Նորատունկյանի և Հայր Պետրոս

Պետրոսյանի. օրհնյալ է իր գեղեցիկ շենքով և միջավայրով, որ տրամադրել էին Սալեզյան վարդապետները, և այս մաքրահոգի և անմեղ մանուկներով ու պատանիներով, որոնք սիրում են իրենց հեռավոր հայրենիքը: Պետք է հիշենք, որ այս վեհ գաղափարների իրականացմանը աջակցեցին մարդասեր անձինք` հանձինս Տեր և Տիկին Անջելո և Բարբարա Բոզիոների, որոնք թեև ազգությամբ հայ չէին, բայց սիրահոժար դարձան Հայր Գևորգի վեհ գաղափարների սատարողները` հնարավոր դարձնելով մի խումբ հայ մանուկների ու պատանիների ամառային հանգիստը այս հայկական քրիստոնեական միջավայրում։ Ճամբարի հաջողությանը օժանդակեցին նաև հայերենի նվիրյալ ուսուցչուհին, Հռոմից ժամանած վարդապետցուները, Հայաստանից ժամանած երիտասարդուհիները, ինչպես նաև երեխաների մայրերն ու հարազատները: Դժվարին և սուրբ առաքելություն է վստահված Հայր Գևորգ Նորատունկյանին` պահպանել հայության մի կուռ կաթիլը Ռուսիո հսկայածավալ բազմազգ ու բազմակրոն օվկիանի մեջ, սովորեցնել հայ լինելու գեղեցկությունը, մայրենի լեզվի քաղցրությունը, անսալու քրիստոնյա լինելու պատգամը, հպարտանալու մայր հայրենիքի երգով, կանչով… լեռներով ու սարերով… Մեզ մնում է հուսալ, որ գալիք տարիներին ՀոԿենՄենների շարքերը կհամալրվեն նոր մանուկներով ու երիտասարդներով, և այս ճամբարը կհարատևի իբրև լույսի ու հույսի փարոս, իբրև հայության պահպանման դպրանոց:


Առօրեայ Աւետարանը
Այբ Էջ | Բովանդակութիւն | Հասցէարան | Օգտակար Կապեր | Նամականի
Ներքին Պրպտում՝  Armenian Keyboard
Կարդացէ՛ք այս էջը հետեւեալ լեզուներով.-    
Վերարտադրութեան ամէն իրաւունք վերապահուած է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ