Հինգշաբթի, 23 Ապրիլ 2015 - Նախարար Յակոբեանի շնորհակալագիրը Ամենապատիւ Հոգեւոր Տիրոջ

 

Երեւան

 

Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ

Կաթողիկոս Պատրիարք

Տէր Ներսէս Պետրոս ԺԹ.

 

Ամենապատի'ւ եւ Գերերջանի'կ Տէր,

Աստծոյ ողորմած կամքով եւ Ձեր նպատակուղղուած ջանքերի շնորհիւ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանչիսկոս Պապի քահանայապետութեամբ կատարուեց աննախանդէպ մի իրողութիւն, որը ոչ միայն ապացուցում է Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ արդարութեան վերականգման մեր պահանջի ճշմարտացիութիւնը, այլեւ, հետայսու նպաստելու է մինչեւ այժմ անտարբերութեան թմբիրում ապրող մի շարք պետութիւնների եւ քաղաքական գործիչների քնից արթնանալուն: Դա աշխարհի 1 մլրդ 200 միլիոն կաթոլիկների հոգեւոր առաջնորդի խօսքն էր՝ ուղղուած հաւատցեալ ժաղովրդին: Առաջնորդուելով համամարդկային վեհ արժեքներով՝ իր իմաստուն խօսքն ասաց Հռոմի Պապը. «Քողարկել կամ ժխտել չարիքը, նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանչիսկոս Պապի կողմից Հայոց Ցեղասպանութեան անմեղ նահատակների յիշատակին մատուցուած Պատարագին համակ ուշադրութեամբ հետեւում էր ազգերի ճակատագրող մտահոգ համայն աշխարհը, այդ թվում՝ դարի մեծագոյն ոճրագործութիւնը հեղինակած ցեղասպան ապուպապերի արարքների մասին քար լռութիւն պահպանող հետնորդները:

Հոգեւոր Տէ'ր, մեծ հպարտութեան զգացում էր պատել ինձ, բոլոր ներկաներին եւ վստահ եմ՝ համայն հայութեան, ինչպէս նաեւ աշխարհի առաջադեմ մարդկութեանը Ձեր ոգեկոչ եւ կարեւոր ելույթի ժամանակ՝ ուղղուած Հռոմի Պապին եւ աշխարհի տարբեր երկների հավատաւոր ժողովրդին:

Կրկնակի հպարտութիւն էր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանչիսկոս Պապի կողմից Հայ Եկեղեցու հայերից Գրիգոր Նարեկացուն Կաթոլիկ եկեղեցու սահմանմամբ «Տիեզերական Վարդապետ» հռչակելի, որը նոյնպես վկայում է հայ ազգի՝ իր հաւատքին հաւատարիմ մնալու, հաւատքի ուժի ու վերածնման անասելի կամքի մասին:

Հոգեւոր Տէ'ր, աշխարհի տարբեր երկների հայ հաւատաւոր ժողովրդի համար դա եւս վկայութիւնն է այն բանի, որ անկախ բազում զրկանքներից ու դժւարութիւններից, հայ ժողովուրդը կերտելու է իր լուսաւոր ապագան, արդարութեան ու հաւատքի,ապրելու պահանջով:

Հայ Կաթողիկէ եկեղեցու գործունեութիւնն անցնող ամիսների Ձեր գլխաւորութեամբ ակնածանքի, շնորհակալութեան է արժանի: Դուք Ձեր աշխատանքով, Հռոմի հետ ունեցած սերտ կերպով եւ որպէս եկեղեցի Ձեր նուիրական եւ հոգեւոր գործունէութեամբ շահել եք Հռոմի Սրբազնագոյն Քահանայապետի սերն ու հարգանգը, ինչն իր արտացոլումը գտաւ Սուրբ Պատարագի ժամանակ: Հատկապես բարձր գնահատանքի է արժանի Ձեր կողմից իրականացուած կազմակերպչական աշխատանքները՝ Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի «Կռունկ» եւ Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախմբերի եւ դուդուկի աննախադեպ ու ոգեշունչ կատարումները, հայկական երգն ու աղօթքը:

Անչափ շնորհակալ եւ նաեւ Պատարագից հետոյ կազմակերպուած ճաշկերոյթի համար, Ձեր ուշադիր եւ մարդկային վերաբերմունքի համար, որ այդ պատմական պահին նոյնիսկ չմոռացաք յիշել իմ ծննդեան օրուայ մասին:

Կրկին շնորհակալութիւնս եւ երախտագիտութիւնս եմ յայտնում Ձեզ՝ Հոգեւոր Տէր եւ Ձեր եկեղեցու բոլոր սպասաւորներին:

Թո'ղ Աստուած Ձեզ երկար կեանք պարգեւի եւ բազմապատկի Ձեր ջանքերը՝ Հայրենիքի եւ Սփիւռքի անխախտ կապերի ամրապնդման եւ Հայ դատի արդար պահանջի լուծման ճանապարհին:

 

Խորին Հարգանքով՝

Հրանուշ Յակոբեան  

 

15/04/2015

 


Առօրեայ Աւետարանը
Այբ Էջ | Բովանդակութիւն | Հասցէարան | Օգտակար Կապեր | Նամականի
Ներքին Պրպտում՝  Armenian Keyboard
Կարդացէ՛ք այս էջը հետեւեալ լեզուներով.-    
Վերարտադրութեան ամէն իրաւունք վերապահուած է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ